Պահածոյագործների միության նախագահը ստեղծված իրավիճակը բացասական է գնահատում տնտեսության զարգացման համար

15:46, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահածոյագործների միության նախագահ Երվանդ Թավադյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը բացասական է գնահատում տնտեսության զարգացման և արտադրական գործարանների գործունեության վրա:

«Բնականաբար, ստեղծված իրավիճակը բացասական է անդրադառնում տնտեսության վրա: Ընկերությունները ստիպված են յուրաքանչյուր պահի կազմակերպել տրանսպորտային միջոցների տեղաշարժի խնդիրը, գնահատել խաչմերուկների վիճակը, գործարանների աշխատակիցները չեն կարողանում բնականոն գնալ աշխատանքի: Այս պարագայում իրավիճակը դրական չի անդրադառնում նաև արտահանման վրա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թավադյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս արտահանումը բավականին աճել է, մանավանդ ռուբլու կայունացման պարագայում: «Տարվա այս ժամանակահատվածում, երբ գյուղացին զբաղված է հողագործությամբ, բերքի արտադրությամբ նաև սակավաջրության դեպքում՝ ստեղծված իրավիճակը միանշանակ բացասական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»,- ընդգծեց Պահածոյագործների միության նախագահը:   


© 2009 ARMENPRESS.am