Հրապարակվել են լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները

14:36, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանց լուսանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի էին ենթարկել:  Տիրայր Մուրադյանին տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք էին ախտորոշել:

Լրագրողը պատմել էր, որ մինչ իր նկատմամբ բռնություն գործադրելը, նկատել էր այդ երկու անձանց տարօրինակ վարքագիծը:  «Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից` հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում և այլն: Երբ նկատեցին, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- ասել էր Մուրադյանը:


© 2009 ARMENPRESS.am