Ժամը 12:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 33 քաղաքացի

13:43, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ տարվել է 33 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: 

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝  խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի: Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, հրմշտոց սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին: Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:


© 2009 ARMENPRESS.am