ՄԻՊ աշխատակազմը պահանջել է ոստիկանությունից անհապաղ ազատ արձակել անչափահասներին

16:32, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում»,- ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ: 


© 2009 ARMENPRESS.am