Շվեդիայում բուհը թագավորության պատմության մեջ առաջին անգամ կվերադարձնի անորակ ուսման համար վճարված փողերը

18:27, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Գերագույն դատարանն ապրիլի 17-ին հաստատել Է ստորին ատյանների դատարանների վճիռն առ այն, որ թագավորության պատմության մեջ առաջին անգամ բուհը հարկադրված կլինի փոխհատուցում վճարել ուսանողին անորակ կրթության համար: Խոսքը ամերիկուհի Քոնի Դիքինսոնի մասին Է, որը շահել Է դատական գործընթացը շվեդական Մելարդալենի համալսարանի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերագույն դատարանի որոշման համաձայն, ուսանողուհին իրավունք ունի համալսարանից ստանալ ուսման համար իր վճարած գումարի երկու երրորդը: Փորձագետների կարծիքով՝ այդ հաղթանակը կարող Է շվեդ բոլոր ուսանողներին փոխհատուցման իրավունք տալ ոչ բարձրորակ կրթության դեպքում: Դիքինսոնը ուսում ստանալու համար Շվեդիա Էր ժամանել Կալիֆոռնիայից: Անցնելով մաթեմատիկայի եւ վիճակագրության քառամյա դասընթացը, որը նստել Էր 180 հազար կրոն (մոտավորապես 22 հազար դոլար), աղջիկը դժգոհ Է մնացել ստացած գիտելիքներից: Նա, մասնավորապես, գանգատվել Է «հաղորդակցության դժվարություններից», որոնք կապված Էին այն բանի հետ, որ շվեդ պրոֆեսորը վատ Է տիրապետել անգլերեն լեզվին, ինչպես նաեւ գերլցված լսարաններից եւ համակարգիչների անբավարարությունից:

Արդյունքում, ինչպես պնդել Է ամերիկուհին, իր ստացած կրթությունը չի համապատասխանում այն ստանդարտների հինգ կետից չորսին, որոնք Շվեդիայում սահմանված են համալսարանների աշխատանքը ղեկավարող գերատեսչության կողմից: Երբ Դիքինսոնը բուհից պահանջել Է վերադարձնել իր վճարած փողերը, ղեկավարությունը մերժել Է նրան՝ վկայակոչելով համապատասխան ընթացակարգերի ու գործընթացների բացակայությունը: Սակայն, դրա հետ մեկտեղ, նա պարզաբանումներ Է պահանջել կառավարությունից, որն առաջարկել Է դիմել դատարան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am