Հայաստանի Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

15:41, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Հանրապետության Նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են  պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերըկառավարման ոլորտում  հարուստ փորձառությունն ու գիտելիքները  լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:


© 2009 ARMENPRESS.am