Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրվում է վիճակագրական նոր համակարգ

17:35, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործման նպատակով կիրականացվեն նոր միջոցառումներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն ապրիլի 12-ի նիստում հավանություն է տվել միջոցառումների ծրագրին:

Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ասաց, որ միջոցառումները մշակվել են իր գլխավորած գերատեսչության, Ազգային անվտանգության ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության կողմից: «Առաջարկում ենք զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ, ինչը մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական՝ տարիքային և այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Նրա խոսքով՝ մշակվել է կատարելագործված մեթոդաբանություն՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ համակարգ) կարողությունների օգտագործմամբ:

Ըստ հիմնավորման՝ ՍԷԿՏ համակարգի միջոցով հնարավորություն կընձեռվի   Հայաստանի  զբոսաշրջության ոլորտում  ճշգրիտ վիճակագրության վարում, որը էապես կնպաստի Հայաստանի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման:


© 2009 ARMENPRESS.am