Ջավախքցի պատանի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան կստանա «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կրթաթոշակ

15:04, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կողմից արժանացել է կրթաթոշակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-ամյա դաշնակահարուհուն հիմնադրամը կօժանդակի տարիներ շարունակ: «Ես անչափ շնորհակալ եմ և խորին երախտագիտությունս եմ հայտնում հիմնադրամին և «Կանանց երաժշտական միամսյակ» նախաձեռնությանը»,-ասաց նա:

Ջավախքցի Անահիտը շատ մրցույթների և փառատոնների մրցանակակիր է: Անցյալ տարվա դեկտեմբերին նա ելույթով  հանդես է եկել  Փարիզի Նապոլեոն Բոնապարտի դահլիճում անցկացված համերգում,  որտեղ արժանացել է բարձր գնահատականի:

Ներկայումս աղջիկն աշխատում է UNESCO-ի դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեի հետ: Ապրիլին Անահիտ Ստելմաշովան  ելույթ կունենա Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Music of Armenia-ի նախաձեռնությամբ  անցկացվող «Կանանց երաժշտական միամսյակ»-ը, որն իրենից ներկայացնում է հայ կին-երաժիշտներին և նրանց արվեստին նվիրված մեկ ամիս տևողությամբ ամենամյա ծրագիր,  մեծարում է ողջ աշխարհով մեկ բնակվող հայ կին–երաժիշտներին` խթանելով նրանց արվեստը և քաջալերելով տաղանդավոր երաժիշտների հաջորդ սերնդին:


© 2009 ARMENPRESS.am