Հայաստանը գլոբալ մասշտաբում չգնահատված ակտիվ է. ստարտափերի հարցերով փորձագետ

18:11, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenian Blockchain Forum»-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան Հայաստանը բարենպաստ է համարում նորարարությունները զարգացնելու առումով: Մասնագետն այդ եզրահանգմանը եկել է` երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացողների թվաքանակն ու հնարավորությունները հաշվի առնելով: «Ես կարծում եմ, որ Հայաստանը գլոբալ մասշտաբում չգնահատված ակտիվ է: Այստեղ կան մեծ թվով երիտասարդներ, մենք հաշվարկել ենք ավելի քան 25 հազարը, ովքեր կրթություն են անցնում ՏՏ մասնագիտացմամբ: Մինիմում 4 համալսարան ստեղծում են համակարգչային գիտությունների մասնագետներ: Այդ գործում մեծ ներդրում ունի նաև մեր սիրելի Թումոն: Այստեղ կա ռեսուրսային բազա, որտեղ կարելի է զարգացնել նորարարական ոլորտները, որոնք միանգամից կուղղվեն գլոբալ շուկաներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Անաստասիա Տյուրինան:

Նա նշեց, որ Հայաստանում իրենք նպատակ ունեն ձևավորել բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա լուծումներ առաջարկող ստարտափեր, որոնք պահանջարկ կունենա համաշխարհային շուկաներում և հասանելիություն` նոր սերնդի ներդրումներին: «Բլոկչեյն տեխնոլոգիական լոտոյի տոմս է, որը չի կարելի չգնել: Մեր խնդիրն է շատ մարդկանց տեղեկացնել բլոկչեյն տեխնոլոգիաների մասին, թե դրանք որ ոլորտներում են կիրառվում, ինչ հաջողված օրինակներ արդեն կան»,-ավելացրեց ABF-ի ներկայացուցիչը:

Ապրիլի 22-ին Երևանում` «Թումո» կենտրոնում, կկայանա «Հայկական բլոկչեյն համաժողով», որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագետներ աշխարհի 20 երկրից: Ակնկալվում է 600-ից ավելի մասնակցի և 10 միլիարդ դոլարը գերազանցող պորտֆելով ներդրումային հիմնադրամների և հրեշտակ ներդրողների ներկայություն:


© 2009 ARMENPRESS.am