ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել  Ռուսաստանի դեսպանի հետ

14:22, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: Անդրադառնալով ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների փոխադարձ պաշտոնական այցերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ  պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված համատեղ ծրագրերի իրականացումը  կնպաստեն գիտակրթական համագործակցության  ամրապնդմանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Մկրտչյանին՝ հույս հատնելով, որ  կրթության և գիտության ոլորտում վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումները շարունակական կլինեն։
Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:


© 2009 ARMENPRESS.am