Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության հանդիսավոր փակմանը

17:17, 8 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ապրիլի 7-8-ը Երևանում անցկացված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին և փակման հանդիսավոր արարողությանը:

Առաջնությանը մասնակցել է 28 երկրի ազգային հավաքականների ավելի քան 700 առաջատար մարզիկ, նաև միջազգային որակավորում ունեցող 50 մրցավար: Երկրորդ անգամ Երևանում անցկացվող միջազգային մրցաշարն այս անգամ աչքի է ընկել իր մասշտաբայնությամբ և մասնակցության բարձր ցուցանիշով:

Մրցելույթները եղել են տարիքային մի քանի խմբերում, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ ու մեծահասակներ:

Հաղթողները, որոնց թվում էին նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները, պարգևատրվել են մեդալներով և գավաթներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ մշտական աջակցության համար և ընդգծել մայրաքաղաքում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության կարևորությունը: Ի դեպ, կազմակերպիչների հավաստմամբ, Երևանում Կիոկուշին կարատեի Եվրոպայի այս առաջնության անցկացումը նվիրվել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:


© 2009 ARMENPRESS.am