Կառավարությունը լուծարում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը

13:55, 5 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ընդունած որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կլուծարվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 5-ի նիստում:      

Նախագծով նախատեսվում է ՊՈԱԿ-ի գործառույթները, ինչպես նաև այդ գործառույթների լիարժեք իրականացման համար՝ որոշ հաստիքային միավորներ վերապահել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին: Միևնույն ժամանակ, «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին կուղղվեն նաև վերաբաշխման արդյունքում մնացած ֆինանսական միջոցները, որոնք կազմում են 14 մլն դրամ:

Նախագծով նախատեսվում է նաև «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»-ին ամրացված Երևան քաղաքի Իսահակյան փողոց, թիվ 28 հասցեում գտնվող՝ 163.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը ետ վերցնել և անհատույց և մեկ տարի ժամկետով օգտագործման իրավունքով ամրացնել «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»-ին:


© 2009 ARMENPRESS.am