Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումները շատ անառողջ են. ամերիկացի փորձագետ

12:36, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված քննարկում: Այս մասին, ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քննարկմանը մասնակից փորձագետները համաձայնել են, որ մարտահրավերներից կարևորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը: 

Վերլուծաբանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցելուն:

Դրան հակառակ, սակայն, ապրիլյան պատերազմը կողմերին էլ ավելի հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» իր մտադրության վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որևէ տարածք չտալ»,- ասել է Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:


© 2009 ARMENPRESS.am