«Եռաբլուր»-ում ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին ապրիլյան պատերազմի զոհված հերոսների հիշատակին

23:06, 3 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մոմերով երթ էին կազմակերպել «Եռաբլուր»՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուհերի եւ երիտասարդության հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի հանդիսապետությամբ «Եռաբլուր» պանթեոնում երիտասարդներն աղոթք հղեցին առ Աստված։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն ասաց, որ երկու տարի առաջ Ադրբեջանը փորձեց հայ երիտասարդներին, բայց համոզվեց՝ նրանք կարող են պատժել: «Այսօրվա երիտասարդությունը նույնպես կարող է համապատասխան հակահարված տալ: Մեր այսօրվա սերունդն իր գործերով է ապացուցում, թե ինչի է ընդունակ` սկսած սահմանից, մինչև մայրաքաղաքում իրականացվող միջոցառումները: Շատ եմ կարևորում նման հարգանքի տուրքը»,- նշեց ուսխորհրդի նախագահը և հավելեց, որ երթը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ:

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոսների շիրիմները, խոնարհեցին ծաղիկներ։ Միջոցառման ավարտին այրվեցին Ադրբեջանի դրոշն ու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկարը:


© 2009 ARMENPRESS.am