Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարին

20:00, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: 

Ջերմությամբ հիշելով այս տարվա հունվարին կայացած իր այցը Փարիզ և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուրախությամբ են սպասում Ֆրանսիայի նախագահի պետական այցին, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար:

Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում գագաթնաժողովի նախապատրաստության ուղղությամբ և հավաստիացրել է, որ Ֆրանսիան ամենայն աջակցություն կցուցաբերի այդ կարևորագույն իրադարձության պատշաճ անցկացմանը: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին:


© 2009 ARMENPRESS.am