Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սենատի նախագահի առաջին տեղակալի հետ

16:42, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը մարտի 27-ին հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի (Miluše Horská) հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, մասնավորապես խոսվեց միջխորհրդարանական փոխգործակցության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին։ Նախնական համաձայնություն ձեռք բերվեց Միլուշե Հորսկայի հովանավորությամբ Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակին նվիրված մշակութային ձեռնարկ կազմակերպելու վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությանը, դրանց օրակարգի ձևավորմանը և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին առնչվող հարցերին։

Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրեց հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի ապակառուցողական մոտեցումների պատճառով չեղարկելու, Ադրբեջանի ղեկավարի՝ Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին շրջանի աննախադեպ ռազմատենչ հայտարարությունների մասին։


© 2009 ARMENPRESS.am