Հզոր ցիկլոնը գալիս է Հայաստան. սպասվում են առատ տեղումներ

11:32, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա։ 


© 2009 ARMENPRESS.am