Ֆաբիանու Կարուանան՝ հավակնորդների մրցաշարի հաղթող

23:16, 27 Մարտ, 2018

ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի վերջին տուրը դրամատիկ զարգացում ունեցավ: Առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով մրցում էր Ալեքսադր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հավասար պայքար էր ծավալվել, սակայն Կարուանային հաջողվեց սև խաղաքարերով առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի:

ԱՄՆ ներկայացուցիչը հավակնորդների մրցաշարի ընթացքում տոնեց 5 հաղթանակ, մեկ պարտիա տանուլ տվեց, իսկ 8 խաղում կիսեց միավորը: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տոնեց:

Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 

Վարվառա Հայրապետյան

Բեռլին, Գերմանիա

 


© 2009 ARMENPRESS.am