Արփինե Հովհաննիսյանը մատնանշել է հակակոռուպցիոն բնագավառի երեք կարևոր փոփոխություն

17:18, 26 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մատնանշել է երեք կարևոր փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում, որոնք, ըստ նրա, «կարծես թե աննկատ մնացին ԱԺ արտահերթ նիստերի թոհուբոհի մեջ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պաշտոնյան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաև պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի և եկամուտների հայտարարագրեր:

Երկրորդը` հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում,իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս:

Երրորդ` բացի այդ, ընտանիքի անդամները ևս պատասխանատվություն են կրելու հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Մյուս փոփոխություններով ավելի են հստակեցվել գործող կարգավորումները»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am