Իրանահայ ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանի ժառանգությունը ներկայացնող գիրքը ֆրանսերենից թարգմանվել է պարսկերեն

18:13, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ճարտարապետ Մանդանա Յազդանշենաս Հաշեմին ֆրանսերենից պարսկերեն է թարգմանել աշխարհահռչակ իրանահայ ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանի ստեղծագործական ժառանգության մասին պատմող ֆրանսիացի տեսաբան Էլիզաբետ Վիտոյի «Մեկ այլ մոդեռն ճարտարապետություն» գիրքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Վիեննայի կիրառական արվեստների ակադեմիայի ճարտարապետական դպրոցում (L'Academie des Arts Appliques de Vienne) ուսանած մեր տաղանդավոր հայրենակիցը 1928թ. Լե Կորբյուզեի (Le Corbusier) և Զիգֆրիդ Գիդեոնի (Siegfried Gideon) հետ համատեղ հիմնել է «Մոդեռն ճարտարապետության միջազգային համագումարը»` CIAM-ը (Congress International d'Architecture Moderne):

Առաջին համագումարը կայացել է նույն թվականին Շվեյցարիայի Լա Սարա քաղաքում, որտեղ Գևրեկյանը զբաղեցրել է համագումարի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

1933թ. վերադառնալով Թեհրան` նա նշանակվել է Թեհրանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ: Թեհրանում ապրած տարիների ընթացքում Գևրեկյանը ծավալել է բուռն գործունեություն` ժառանգություն թողնելով ավելի քան 20 իրականացված նախագծեր: Նա բազմաթիվ ուշագրավ նախագծեր է իրականացրել Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am