Մարդասիրական ականազերծման գործընթացում Հայաստանը կարող է աջակցել նաև այլ երկրների

14:57, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև մարտի 23-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: 

Գ. Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ականային խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու կարևորությունը. «Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, և դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է և աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար»: 

Կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշեց, որ ականային խնդրի լուծումը կապված է նաև երկրի տնտեսական ենթակառուցվածների ու համայնքների համաչափ զարգացման հետ:

«Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև ականազերծման գործընթացում»,- ասաց Ռ.Առաքելյանը: 

ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը նշեց, որ համագործակցությունը ծավալվելու է հիմնականում ՓԾ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հետ, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: 

ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետևյալ ուղղություններով՝

Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:


© 2009 ARMENPRESS.am