Աշոտ Մանուկյանը երկօրյա աշխատանքային այցով Աշգաբադում էր

16:24, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էրԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաևը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են     անցյալ տարի Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջիկա անելիքները:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երևան ուղիղ ավիաչվերթի բացման և կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները և  կարևորել  չվերթերի  ավելացումը:

Անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների և մարզիկների փոխանակման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  բնական գազի և էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման և այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:

Երկու երկրների նախարարները քննարկել են նաև հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը  տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում: 


© 2009 ARMENPRESS.am