Հաճելի է նմանատիպ ֆուտբոլիստների հետ նույն շարքում լինելը. Տիգրան Բարսեղյան  

12:13, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանի կարծիքով, Հայաստանի ազգային ընտրանին առաջիկա ընկերական խաղերում մրցելու է միայն հաղթանակի համար:

«Շատ հաճելի է, և ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Ամեն ինչ անելու եմ նորից լավագույնների շարքում լինելու համար, և՝ միայն ու միայն առաջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հանդիպման ժամանակ ասաց հարձակվողը:

Բարսեղյանը խոսեց նաև առաջիկա երկու ընկերական խաղերի մասին` շեշտելով, որ ընտրանին խաղալու է միայն հաղթանակի համար: «Թեպետ տակտիկական փոփոխություններ են լինելու թիմում, սակայն խաղալու ենք միայն հաղթանակի համար: Ինչ կապված է թիմի նորեկի` Բալեկյանի հետ, ապա լավ տպավորություն եմ ստացել նրանից: Լավ անձնավորություն և լավ ֆուտբոլիստ է: Հույս ունեմ, որ կկարողանա օգնել հավաքականին»,-ասաց Բարսեղյանը:

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում 35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ:


© 2009 ARMENPRESS.am