ԱԱՀ վճարողները հնարավորություն ունեն ավելի արդյունավետ տնօրինել և օգտագործել իրենց շրջանառու միջոցները

11:42, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա սկզբից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել է հարկային վարչարարությունն՝ առավել բարենպաստ պայմաններ ապահովելով ԱԱՀ վճարողների համար: Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը նշեց, որ մարտի 21-ի դրությամբ, ՊԵԿ-ն արդեն ստացել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրության 34 դիմում՝ 8 միլիարդ 6 միլիոն 538 հազար դրամ պահանջված գումարով:

«Սա նոր իրողություն է ՀՀ հարկային օրենսդրության մեջ: Մինչև 2018 թվականը ԱԱՀ-ի փոխհատուցվող, այսինքն՝ դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա  պարտավորություններին, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում` կարող էին հաշվանցվել կամ վերադարձվել: Իսկ նման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները մինչև 2018 թվականը գործող կարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքով արդեն ԱԱՀ վճարողներին հնարավորություն ընձեռվեց ավելի արդյունավետ տնօրինել, տիրապետել և օգտագործել իրենց շրջանառու միջոցները»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ավարտված  9 ուսումնասիրությամբ  հիմնավորվել  է 464 միլիոն 261 հազար դրամ, որն էլ  մուտքագրվել է միասնական հաշվին, իսկ հիմնավորված չի համարվել 75  միլիոն 196 հազար դրամը, ևս 25 դիմում ուսումնասիրվում է: 


© 2009 ARMENPRESS.am