Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

19:34, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 19-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբի, այդ թվում՝ Հայաստանի ակտիվ ջանքերով կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: 

Իր խոսքում դեսպան Չիտեչյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի դերը, շեշտելով, որ այն համընդհանուր արժեքների՝ ներառյալ հումանիզմի, մշակութային ու լեզվական բազմազանության հանդեպ հարգանքի հիման վրա երկրներին միավորող կառույց է, ինչպես նաև հանձնառություն՝ ի նպաստ աշխարհում խաղաղության եւ անվտանգության ծառայությանը: Հայաստանի դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ու նախատեսված միջոցառումներին: 


© 2009 ARMENPRESS.am