Կառավարությունը Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու ծրագրի հետ կապված կքննարկի նոր որոշում

21:30, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում Եղվարդում նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան կառուցելու ներդրումային ծրագրի հետ կապված նախատեսում է ընդունել նոր որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գործադիրի մարտի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նպատակով փոփոխել, լրացնել և հստակեցնել  ներմուծվող ապրանքների ցանկը: «ԱՐՄՕՅԼ»-ին կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թույլատրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով:

Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան ներքին շուկայում, կստեղծվեն նոր աշխատատեղեր:  Ծրագրի շրջանակներում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 250 հազար դրամ:

«ԱՐՄՕՅԼ»-ը նպատակադրված էր երրորդ փուլով սարքավորումներ ներմուծել շուրջ 849 մլն ՀՀ դրամի չափով, սակայն որոշ ապրանքներ հանվել են ցանկից՝ արդեն իսկ ազատված լինելով ԱԱՀ-ից և այժմ հետաձգման ենթակա սարքավորումների գումարը կկազմի շուրջ 523 մլն ՀՀ դրամ։


© 2009 ARMENPRESS.am