Սփիլբերգը հայտնել Է՝ երբ են սկսվելու Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի նկարահանումները

15:30, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մտադիր Է 2019 թվականի ապրիլին ձեռնամուխ լինել Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին, ինչպես հայտնել Է Variety պորտալը, նա հայտարարել Է Empire Awards մրցանակի հանձնման արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նման հեռավոր ճանապարհորդությունն արժե ձեռնարկել, եթե հնարավորություն կա աշխատելու Մեծ Բրիտանիայի տաղանդավոր մարդկանց հետ: Դերասանները, նկարահանման խմբի անդամները, վարորդները, սպասարկող անձնակազմը՝ բոլորը, ովքեր ինձ օգնել են ֆիլմեր նկարահանելու, կօգնեն նաեւ ապագայում, երբ ես 2019 թվականի ապրիլին կվերադառնամ այստեղ՝ նկարահանելու Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմը»,-ասել Է ռեժիսորը: Ավելի վաղ նշվել Է, որ գլխավոր դերակատարը կլինի Հարիսոն Ֆորդը, որպես կինոնկարի պրոդյուսեր հանդես կգա Ջորջ Լուկասը, ֆիլմի երաժշտությունը կգրի Ջոն Ուիլյամսը:

Պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի հուլիսին: Ինդիանա Ջոնսի մասին առաջին երեք ֆիլմերը նկարահանվել են դեռ 1980-ական թվականներին, դրանք են՝ «Ինդիանա Ջոնս. կորած տապանի որոնումներում» (1981 թ.), «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թ.) եւ «Ինդիանա Ջոնսը եւ խաչակրաց վերջին արշավանքը» (1989 թ.) կինոնկարները: Վերջին՝ «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակե գանգի թագավորությունը» ֆիլմը հանդիսականները դիտել են 2008 թվականին: Չորս կինոժապավենների ընդհանուր համաշխարհային դրամական մուտքերը գերազանցել են 2 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am