Երևանում կտեղադրվեն զբոսաշրջային տեղեկատվական աջակցության  կետեր

14:30, 20 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, քաղաքաշինության և հողի վերահսկողության  վարչություններին և տուրիզմի բաժնին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետներում քննարկել և առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման վերաբերյալ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հաշվի առնելով տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը մայրաքաղաքում, ինչպես նաև այս տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներով հագեցած լինելու հանգամանքը, ինչն իր հերթին, անշուշտ, բերելու է զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, անհրաժեշտ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրել զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետեր: Ըստ այդմ, հնարավորին կարճ ժամկետում կազմակերպեք անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի առաջիկայում այդ կետերը հասանելի լինեն թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկայում մասնավորի հետ համագործակցված աշխատանքներ կտարվեն նաև մայրաքաղաքի հատկապես մարդաշատ ու զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող հատվածներում հանրային զուգարաններ ստեղծելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am