Շիրակի պետական համալսարանում բողոքի ալիքը շարունակվում է. այս անգամ ոտքի են կանգնել ուսանողները

20:41, 19 Մարտ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն դադարում: Այս անգամ, ի պատասխան դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատելու բուհի ռեկտորի որոշման բողոքում են ուսանողները: Սկսվել է ստորագրահավաք ռեկտորի հրամանի դեմ։ Ուսանողները պահանջում են բեկանել մարտի 15-ի որոշումն ու աշխատանքի վերադարձնել դասախոսներին:

Ուսանողները պահանջագիր ներկայացրել են բուհի վարչական մաս, նույն պահանջով բաց նամակ են ուղարկել նաև ՀՀ Նախագահին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դասախոսներին աշխատանքից ազատելու որոշման հաջորդ օրը Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան տարածել էր հայտարարություն որում ասված էր. «Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից:

Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ. Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»:

Մարտի 19-ին դասախոսներին աշխատանքի վերադարձնելու, ինչպես նաև մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի ներկայությունն ապահովվելու դիմում-նամակին միացել էին բուհի ուսանողներից շատերը: Ուսանողները պահանջում են նաև ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունն ու հաշվետվությունը ներկայացնել համալսարանի պաշտոնական կայքում:

«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որպես ուսխորհրդի նախագահ, գիտական խորհրդի անդամ ու նաեւ զուտ որպես խղճի առաջ մաքուր մարդ. շարունակելու ենք պայքարը Շիրակի մայր բուհում արդարությունը վերականգնելու համար»,-նշում է Արմեն Մելքոնյանը՝ փաստելով, որ թեև ինքը ևս կողմ է քվեարկել գիտխորհրդի՝ դասախոսներին անվստահություն հայտնելու միջնորդությանը, հետագայում հրապարակավ հրաժարվել է այդ որոշումից:

«Գիտական խորհրդի որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելը բնականոն գործընթաց է․ սկզբում մարդն ունի համոզմունքներ, որոնք թյուրիմացաբար են ձեւավորվել, արտահայտում է այդ կերպ: Երեկ հրապարակայնորեն նշեցի, որ, չտրվելով սադրանքներին, ոչ մեկին չեմ պատասխանում ֆեյսբուքում եւ նշեցի, որ հրաժարվում եմ գիտխորհրդի բոլոր իմ ստորագրություններից եւ ետ եմ կանչում դրանք»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ իրեն չեն ստիպել որոշմանն ու միջնորդությանը կողմ քվեարկել, ապա փոխել իր կարծիքը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am