ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնել են, որ Brexit-ից հետո անցումային շրջանը կտեւի 21 ամիս

17:22, 19 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել, որ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո անցումային ժամանակաշրջանը կկազմի 21 ամիս, այսինքն՝ կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի՝ Brexit-ի շուրջ գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ մարտի 19-ին Բրյուսելում ելույթ ունենալով Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Դեւիսի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր բանակցությունների հերթական փուլի արդյունքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պայմանավորվեցինք, որ անցումային շրջանը կկազմի 21 ամիս՝ սկսած 2019 թվականի մարտի 30-ից, երբ Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը: Այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիան կկարողանա օգտվել ԵՄ-ի անդամի բոլոր իրավունքներից՝ մնալով միասնական շուկայի անդամ, բայց չի կարողանա մասնակցել Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացին»,-ասել Է Բառնիեն:

Ավելի վաղ կողմերը նաեւ պայմանավորվել են, որ Լոնդոնը կշարունակի ԵՄ-ի բյուջե մուծումներ կատարել մինչեւ 2020 թվականի վերջը:


© 2009 ARMENPRESS.am