ԱՀ Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՄՆ հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին

11:50, 18 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջույնի իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:

«Ամերիկահայ համայնքը եւ ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում եւ արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի», - ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:

Ելույթից հետո Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, մեր երկրին մշտապես սատարելու համար պետական բարձր պարգեւներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին:

 

 


© 2009 ARMENPRESS.am