Իմ արվեստով կարողացել եմ ջերմացնել մարդկանց սրտերը. Արամոն հանդես կգա հոբելյանական համերգով

16:50, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, դերասան Արամոյի հոբելյանական երեկոյին կհնչեն արտիստի ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը տեղի կունենա ապրիլի 3-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արամոն ասաց, որ ներկայանալու է նոր ծրագրով:

Երգիչն իր ստեղծագործական կյանքում կարևորում է այն, որ տարիների ընթացքում կարողացել է իր արվեստով, իր երգով ջերմացնել մարդկանց սրտերը, հոգիները, լավ պահեր պարգևել հանդիսատեսին:  «Կարծում եմ` դա հաջողություն է յուրաքանչուր արտիստի համար: Իսկ անձնական կյանքում մեծագույն ձեռքբերումն ընտանիքս է, հրաշալի որդիս»,-նշեց Արամոն:

Անդրադառնալով իր երազանքներին և այն ամենին, ինչի համար ափսոսում է` դերասանը խոստովանեց, որ երազանքներն ամեն տարիքում ստիպում են առաջ գնալ, ապրել դրանցով: Արամոյի խոսքով` երբ «կյանքի կինոժապավենով» անցյալ է գնում, տեսնում է, որ եղել են բացթողումներ, սխալներ, սակայն ինքը ոչնչի համար չի զղջում:  «Կյանք է. կլինեն նաև սխալներ, պլյուսներ և մինուսներ: Տարիքի հետ սկսում ես ավելի մտածված գործել, պահի ազդեցությամբ որոշումներ չկայացնել, յոթ անգամ չափել՝ մեկ անգամ կտրել»,-շեշտեց նա:

Արամոն երեք գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն դեռ բանակցությունների փուլում է: Դերասանը հույս հայտնեց, որ համաձայնության կգան և արվեստասերները իրեն նոր կինոնկարներում կտեսնեն:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am