Ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրման գործընթացը կարգավորվելու է օրենսդրորեն. խախտումների դեպքում խիստ պատիժներ են նախատեսվում

16:09, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաներում գազաբալոններ տեղադրելու գործընթացն օրենսդրորեն կկարգավորվի: Ներկայում հանրային քննարկման է ներկայացվել սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգ սահմանելու և նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագիծը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ առաջարկվում են լուծումներ մի քանի ուղղություններով:

«Գազալցակայաններում պետք է տեղադրվեն ճնշման կարգավորիչներ, որոնք պետք է միացված լինեն սերվերին, 200 խմ բարձր ճնշման դեպքում սերվերին ազդանշան է տրվելու, համապատասխան աշխատակիցն այցելելու է տնտեսվարողի մոտ և խախտման պարագայում վարչական վարույթ է իրականացնելու»,-ասաց Արման Ավետիսյանը:

Օրենքի նախագծով  առաջարկվում է, որ վարորդները գազաբալոնները պարտադիր պետք է տեղադրեն լիցենզավորված ընկերություններում, այնուհետև ստանան համապատասխան վկայագիր, որի վրա նշված կլինի դրա տրման և հաջորդ փորձարկման ամսաթվերը: Վկայագրի տրամադրումը ենթադրում է ներքին, արտաքին զննում, ճնշափորձարկում, ծավալի և չափերի ստուգում: 

Առաջարկվում է, որ այդ վկայագիրը վարորդները փակցնեն դիմապակուն: Գազալցակայանում գազի աշխատակիցը պարտադիր պետք է պահանջի այդ վկայագիրը, դրա բացակայության դեպքում վարորդը վարչական պատասխանատվության կենթարկի: Եթե թղթի բացակայության դեպքում գազալցակայանը լիցքավորեց գազաբալոնը, ապա առաջին անգամ կտուգանվի 1 մլն դրամ, կրկնվելու դեպքում ավելի բարձր:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ օրենքով առաջարկվում է խստացնել գազաբալոններ տեղադրող կազմակերպությունների աշխատանքը: Եթե դրանք նախատեսված չափանիշներին չհամապատասխանեն, ապա չեն ստանա լիցենզիա:

«Այս ոլորտը կարգավորելու խիստ անհարժեշտություն կա: Շատ կարևոր է, որ գազաբալոնները ստուգելուց հետո վարորդների վկայագրեր տալու գործընթացը: Հիմա, ցավոք սրտի, տեսնում են, որ բալոնը կարող է պայթի, բայց շարունակում են լիցքավորել: Ի դեպ, այդ վկայագրերը հավերժ չեն տրվում, այլ մի քանի տարով, որից հետո պետք է կրկին այցելել ստուգման»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը: Օրենքի նախագիծն ընդունելուց հետո, արդեն գործարկված գազաբալոնների դեպքում էր վարորդները պետք է գնան ստուգման: Նա հավաստիացրեց, որ վճարումները շատ թեթև են լինելու, որ մարդկանց վրա ֆինանսական բեռ չլինի:

Թե որ մարմինն այս ամբողջ գործընթացի վերահսկողությունը կիրականացնի, դեռ պարզ չի: 


© 2009 ARMENPRESS.am