Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է  շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ

13:34, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել են շինարարության ընթացքում առաջացող հիմնահողերի, շինարարական թափոնների՝ ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու հարցը։

Մասնավորապես Եղիշ Տերտերյանը նշել է, որ նորաստեղծ Տեսչական մարմնի գլխավոր սկզբունքը ոչ թե տնտեսվարողների նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացնումն է,  այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով՝ բնապահպանական ոլորտներում առկա խնդիրների ամբողջական վերացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Տերտերյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը պատրաստակամ է լսել կազմակերպություններին  հուզող հարցերը, իր լիազորությունների շրջանակներում աջակցել վերջիններին՝ գործելու օրինական դաշտում։ Ղեկավարը  միևնույն ժամանակ ընդգծել է. «այն կազմակերպությունները, որոնք ի վերջո կխուսափեն գործել օրենքի սահմաններում, կենթարկվեն խիստ պատասխանատվության»։

Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրեցրել են իրենց գործունեությանը խոչընդոտող՝ շինարարության իրականացման ընթացքում առաջացած հիմնահողերի, շինարարական թափոնների տեղադրման համար նախատեսված վայրերի հեռավորության հարցերը։

Տեսչական մարմնի ղեկավարը խոստացել է բարձրացված հարցերը քննարկել քաղաքային և մարզային իշխանությունների հետ՝ գտնելու այլընտրանքային լուծումներ, որպեսզի չտուժի ոչ բնությունը, ոչ քաղաքը, ոչ էլ կազմակերպությունների գործունեությունը։


© 2009 ARMENPRESS.am