Ստորագրությամբ բաց թողնված 28-ամյա գրպանահատը կրկին գողություն է կատարել

11:52, 17 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները Երևանի Տերյան փողոցում հայտնաբերել ու գողության կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Ասատուր Հովհաննիսյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհով պարզել էին, որ 27 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկում Հովհաննիսյանը գողացել էր մի կնոջ բջջային հեռախոսը: Դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի պողոտայում: Միկրոավտոբուսից իջնելուց քիչ անց մայրաքաղաքում ապրող 28-ամյա Հովհանիսյանը հայտնաբերվել էր: Անձնական ունեցվածքի գողության փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ասատուր Հովհանիսյանը առաջին անգամ չէ, որ հայտնվել է ոստիկանության ծառայողների տեսադաշտում:

Հունվարի 11-ին Ոստիկանության Էրեբունու բաժին դիմաց 45-ամյա կինը հայտնել էր, որ երթուղայինում գողացել են իր դրամապանակը: Կնոջը պատճառվել էր 220 հազար դրամից ավելի վնաս: Էրեբունու ոստիկանները հայտնաբերել և  բաժին բերման էին ենթարկել Ասատուր Հովհաննիսյանին: 28-ամյա Հովհաննիսյանը ներկայացվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին ու ստորագրությամբ բաց թողնվել:


© 2009 ARMENPRESS.am