ՀՀ ԱԻՆ-ը կիրականացնի ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի անվտանգության միջոցառումները

21:14, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը մարտի 14-ին ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բրունո Բալդյուկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով. «Հանդիպման առաջնային նպատակն էր քննարկել Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի անվտանգության հարցերը:

ՓԾ տնօրենի տեղակալ Ա. Դավթյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել գագաթնաժողովին և վստահեցրեց, որ ԱԻ նախարարությունը կիրականացնի տեխնիկական ու հրդեհային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն այն վայրերում, որտեղ անցկացվելու է գագաթնաժողովը: Միջոցառման օրերին, ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականով, տեղում կծավալվեն հրշեջ-փրկարարական հենակետեր, որտեղ հերթապահություն կիրականցնեն ԱԻՆ բուժանձնակազմը և քիմիական, կենսաբանական, ճառագայթային ու միջուկային պատահարներին արձագանքող թիմի փրկարարները:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման հարցերին: Բ. Բալդյուկը նշեց, որ առաջիկայում Հայաստան կայցելի ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության բարձրաստիճան սպա: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել սպայի և հայ փրկարարների հանդիպումը՝ գիտելիքների փոխանցման և ֆրանսիական փորձով կիսվելու նպատակով»:


© 2009 ARMENPRESS.am