Գյումրեցի ստոմատոլոգները պատասխանատուներին են ներկայացրել իրենց բողոքը

20:24, 14 Մարտ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը մարտի 14-ին Գյումրիում հանդիպել է ստոմատոլոգների հետ: Արթուր Թադևոսյանը լսել է գյումրեցի ատամնաբույժների բարձրացրած բողոքը՝ կապված էլեկտրոնային համակարգի ներդրման հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկա էր նաև հանրապետության գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը և առողջապահության նախարարության «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի ներկայացուցիչը: Ստոմատոլոգները պնդում են, որ միասնական էլեկտրոնային համակարգին անցումը լուրջ խնդիրների կհանգեցնի ոչ միայն հավելյալ ֆինանսական ծախսերի հետ կապված, այլ նաև շատ ավելի կարևոր՝ հիվանդի անձնական տվյալների գաղտնիություն խախտման:

«Որոշման մեջ կան բազում թերություններ` մարդու անձնական, առողջական տեղեկությունը վտանգված է անորոշ հատկանիշներով, և այդտեղ հնարավոր չէ կարգավորումներ տալ, թե մարդու մասին տեղեկությունն ինչպես պետք է գաղտնի մնա»,- ներկայացնելով բողոքը՝ նշեց ստոմատոլոգ Էմիլ Ասլանյանը: «Ցանկացած մարդ կարող է մտնել համակարգ և բժիշկների ու հաճախորդների մասին իմանալ ամեն ինչ, ինչը ցանկալի չէ ո՛չ հիվանդին, ո՛չ մասնագետին: Սա իրավունքի լուրջ խախտում է:

Բացի այդ, սա լրացուցիչ ժամանակի, ֆինանսների ու ներդրման խնդիր է առաջ բերում»,-հանդիպման ընթացքում նշեցին ստոմատոլոգները՝ փաստելով, որ համակարգի ներդրումը այցելուի «գրպանին Է կպչելու» և չի բավարարում նաև բժիշկի պահանջներին:«Այն որոշումները, որոնց հղում եք անում, նոր չեն, որոշակի ժամանակ առաջ են կայացվել, որոշները նույնիսկ 6 ամիս առաջ, այսինքն՝ որոշակի ժամանակահատված է անցել:

Այնպես չէ, որ «վեր կացան ու մտածեցին»: Սրանք լուրջ հասարակական հնչեղության հարցեր են»,-նշեց Արթուր Թադևոսյանը՝ փաստելով, որ ամեն դեպքում համակարգը ներդրվելու է: Քննարկման արդյունքում, նախարարության ներկայացուցիչն առաջարկեց ստեղծել նախաձեռնող խումբ, որը ՀՀ առողջապահության նախարարությանը կներկայացնի համակարգին առնչվող դիտարկումները:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am