Վռուբելի կտավի հիման վրա գրական-երաժշտական ներկայացում է բեմադրվել

20:17, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխայիլ Վռուբելի Երևանում Ռուսական արվեստի թանգարանից գողացված «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի Հայաստան վերադարձի կապակցությամբ օպերային թատրոնում նոր ներկայացում է բեմադրվել:

«Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական-երաժշտական ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մարտի 16-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ բեմադրությունը հարուստ է գեղեցիկ, ժամանակակից անիմացիոն լուծումներով:

Նա նշեց, որ երգիչները՝ Սիրանուշ Գասպարյանը, Դավիթ Բաբայանցը և այլք, մեծ հետաքրքրությամբ են պատրաստվել բեմադրությանը:

«Վռուբելի կտավի գողության անհայտ պատմությունը շատ զարմանալի է: Լավ է, որ այն գտնվել, վերականգնվել և վերադարձել է Հայաստան»,-ընդգծեց Օրբելյանը և հավելեց, որ ինքը Տրետյակովյան պատկերասրահում էր, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այն հանձնում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Ներկայացման մեջ մեկտեղված են հատվածներ Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմից և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք ուղեկցվում են Միխայիլ Վռուբելի վերը նշված պոեմի նկարազարդումներով՝ մատուցված ժամանակակից անիմացիոն լուծումներով:

Ներկայացումը Երևանում Ռուսական արվեստի թանգարանի և օպերային թատրոնի համագործակցության լավագույն օրինակ և արդյունք է:

Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ Միխայիլ Վռուբելի ստեղծած «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 1995 թվականին:

22 տարի  միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակում պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

© 2009 ARMENPRESS.am