ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարները ստորագրել են վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր

18:48, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին Կոպենհագենում հանդիպել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Անդերս Սամուելսենը հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի հայ-դանիական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ կոպենհագենյան հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանի և Դանիայի միջև փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:

Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի շուրջ։

Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը»:


© 2009 ARMENPRESS.am