Լոնդոնը 23 ռուս դիվանագետի կարտաքսի Սկրիպալի թունավորման կապակցությամբ. Թերեզա Մեյ

17:06, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս որոշումն ընդունվել Է, քանի որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես Է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում: Մարտի 14-ի առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է Լոնդոնին պատասխան տալ Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

Նախարարը նաեւ նշել Է, որ Լոնդոնն ստիպված կլինի պատասխան տալ «միջազգային հանրակցությանը մոլորության մեջ գցելու փորձի համար»: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի կարգի դրդապատճառներ չի ունեցել մահափորձ կատարելու Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետի դեմ, եւ դա շահավետ Է նրանց, ովքեր ցանկանում են «շարունակել ռուսատեցության արշավը»: Մարտի 14-ին նաեւ հայտնի Է դարձել, որ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի պատճառով Մեծ Բրիտանիան պահանջել Է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այն, ինչպես հայտնել են բրիտանական մշտական ներկայացուցչությունում, կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:


© 2009 ARMENPRESS.am