Հայաստանը նախապատվություն է տալիս պաշտպանողական և պատժիչ, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողական զինատեսակների. փորձագետ

09:56, 14 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների կառուցվածքը ելնում է այն նպատակներից, որ հետապնդում են երկրները. ըստ այդմ՝ Հայաստանն ավելի շատ նախապատվությունը տալիս է պաշտպանական, ինչպես նաև պատժիչ հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներին, մինչդեռ Ադրբեջանի նախապատվությունը հստակ է՝ այն ամենը, ինչ պետք է հարձակվողական օպերացիայի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ուշագրավ համարելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինության իր պահանջմունքը մեծամասամբ բավարարում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից արվող մատակարարումների հաշվին:

«Մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ գնումները, դրանք ստիպում են անել հետևություններ և մշակել համապատասխան հակաքայլեր: Ես կարծում եմ, որ ուղղակի օրվա հրամայական է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր պաշտպանական և անվտանգության քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը»,- ասում է փորձագետը:

Նրա գնահատմամբ՝ ինտենսիվացնելով այդ ուղղությունները, Հայաստանը պետք է հասնի նրան, որպեսզի Ադրբեջանի համար պատերազմի սանձազերծման քաղաքական գինը դառնա անընդունելի: Փորձագետը շեշտում է, որ սա առաջին հերթին արտաքին քաղաքականության գործառույթն է:

Միևնույն ժամանակ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է, որ Հայաստանը չպետք է մոռանա բանակի արդիականացման մասին, որպեսզի Ադրբեջանի համար գայթակղության որևէ տեղ չմնա: «Պետք է այնպես անել, որ նրանց մտքով անգամ չանցնի, որ կարող են հաջողության հասնել, եթե նույնիսկ պատրաստ լինեն այդ բարձր և անընդունելի քաղաքական գինը վճարել և պատերազմ սանձազերծել»,- եզրափակեց փորձագետը:

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍԻՊՐԻ) մարտի 12-ին նոր զեկույց է հրապարակել սպառազինությունների համաշխարհային առևտրի վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը զենքի ներկրման ծավալով աշխարհում 54-րդ երկիրն է: Վերջին երկու տարիներին Հայաստանը ներկրել է 124 միլիոն դոլարի զենք՝ հիմնականում ՌԴ-ից: Ադրբեջանը, որը վերջին երկու տարիներին 551 միլիոն դոլարի զենք է ներկրել,  սպառազինության ներկրման ծավալով 27-րդն է աշխարհում: Ադրբեջանը հիմնականում զենք է ներկրել Ռուսաստանից և Իսրայելից: 


© 2009 ARMENPRESS.am