Ուսանողներն Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշել են իրազեկման ակցիայով

20:27, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ մարտի 13-ին իրականացրել է իրազեկման միջոցառում՝ նվիրված Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

մի խումբ ուսանողներ, շրջելով Երևանի կենտրոնական և մարդաշատ փողոցներով, սպառողի ուղեցույցներ են բաժանել քաղաքացիներին և փոխանցել տեղեկատվություն սպառողի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ սնվելու իրավունքի մասին:

Ուսանողները համաքաղաքացիներին հորդորել են իրացման ցանցերում ուշադիր լինել սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ և խախտում նկատելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով: Քաղաքացիներն էլ իրենց հերթին են հնչեցրել իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է Ծառայության նախաձեռնությամբ իրականացվող նման ակցիաներին, որոնք լինելու են շարունակական և ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, այլև դրանից դուրս: Միջոցառմանը մասնակից ուսանողների խոսքերով՝ նմանօրինակ ակցիաները դրական ազդեցություն են ունենում և հնարավորություն են տալիս սպառողին ևս մեկ անգամ տեղեկանալու, որ վերահսկող մարմնի հետ համագործակցելու դեպքում կնվազեն անորակ, ժամկետանց և ապագա ամսաթվով մակնշված սննդամթերքի իրացման դեպքերը:

 


© 2009 ARMENPRESS.am