«Ակտոբե»-ն չի կարողանում հայտավորել Մարկոս Պիզելիին

19:28, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին չի կարողանում հայտավորվել ղազախական «Ակտոբե»-ի կազմում՝ Ղազախստանի առաջնությանը մասնակցելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ղազախական ակումբի պաշտոնական կայքը, «Ակտոբե»-ի  գլխավոր տնօրեն Սամատ Սմակովը հայտարարել է, որ ղազախական ակումբը չի կարող հայտավորել նորեկներին, քանի որ ՖԻՖԱ-ն զրկել է թիմին այդ հնարավորությունից՝ ֆուտբոլիստներին և տարբեր կազմակերպություններին նախկինում ունեցած պարտքերի պատճառով: «Ակումբը սնանկացման եզրին է: Պարտքեր ունենք 2014-2017 թվականների պայմանագրերով: 2017-ի արդյունքում պարտք ենք մնացել նաև թիմին տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններին: 2017-ին պարտք ենք մնացել նև բոլոր ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին: Ոմանք արդեն դիմել են ՖԻՖԱ: Եթե չգտնենք հովանավորների, ակումբը սնանկ կճանաչվի:  Առաջիկա երկու տուրերում հանդես կգա երիտասարդական կազմը: Ֆուտբոլիստներին հայտավորելու իրավունքից զրկվել ենք: Հնարավոր է՝ ֆուտբոլիստներին վարձավճարով տրամադրենք այլ ակումբների»,- ասել է Սմակովը:

Մարկոսն «Ակտոբե» էր վերադարձել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ի դեպ, ակումբը նախորդ պայմանագրով նախկինում պարտքեր է ունեցել նաև Մարկոսին: Մարկոսը «Ակտոբե»-ում հանդես է եկել 2014-2015 թվականներին: Ղազախստանի առաջնության 55 խաղում խփելով 13 գոլ:

33-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ»-ն էր:

 


© 2009 ARMENPRESS.am