Կոսաչովը ինտեգրացիոն գործընթացներում հայ-ռուսական փոխգործակցության խորացման անհրաժեշտություն է տեսնում

16:02, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներում հայ-ռուսական փոխգործակցության խորացման վերաբերյալ մտքեր փոխանակելու անհրաժեշտություն է տեսնում: Հայաստանի խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի մեկնարկին նա ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը եղածներից ամենահետաքրքիր ու դինամիկ զարգացող կառույցն է, որը պահանջում է խորհրդարանականների ամենօրյա ուշադրությունը, ստեղծագործական, ստեղծարար էներգիան: «Չնայած Եվրասիական տնտեսական միությունն առայժմ խորհրդարանական կառույց չունի, բայց, կարծում եմ, որ սա էլ մտքերի փոխանակման թեմա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Կոսաչովը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շատ ընդհանուր թեմաներ ունեն միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում աշխատանքների վերաբերյալ, որոնցում երկու երկրներն ընդգրկված են: «Այս պահին, եթե ես չեմ սխալվում, միջազգային այդպիսի 7 կառույց կա` Միջխորհրդարանական միություն, ԵԱՀԿ խորհրդարանական  վեհաժողով, ԵԽԽՎ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովներ: Այս կառույցներից յուրաքանչյուրում, վստահ եմ, քննարկելու թեմաներ կան: Եթե մենք կարողանանք մեր դիրքորոշումները ինչ-որ չափով մոտեցնել, դա կլինի ոչ միայն ի բարօրություն մեր պատվիրակությունների, խորհրդարանների և ժողովուրդների, այլ նաև միջազգային այն կառույցների, որոնք առաջ շարժվելու կարիք ունեն»,- ասաց Կոնստանտին Կոսաչովը:

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստը կշարունակվի մինչև մարտի 14-ը: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


© 2009 ARMENPRESS.am