Հայ և ռուս խորհրդարանականները Երևանում կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ակտուալ հարցեր

15:49, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ երկու հանձնաժողովների համատեղ նիստերը դարձել են ավանդական միջոցառում: «Ունիկալ խորհրդարանական երկխոսության այս ձևաչափը իր ուրույն ավանդն ունի հայ-ռուսական երկխոսության մեջ: Ներկայացնելով երկու երկրների ժողովուրդներին` պատգամավորները հայտնում են ինչպես բարեկամական զգացումներ միմյանց հանդեպ, այնպես էլ պատրաստ են քննարկել աշխատանքային ամենադժվար հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Աշոտյանը:

Նա շնորհակալություն հայտնեց երկու հանձնաժողովների` Մոսկվայում կայացած վերջին նիստի համար: «Կարծում եմ, որ ձեր այցը Երևան նույնպես կնպաստի հայ-ռուսական պատգամավորական կապերի ամրապնդմանը` ի նպաստ մեր երկու ժողովուրդների և պետությունների ռազմավարական բարեկամության խորացման: Մենք ունենք հագեցած ծրագիր` 4 հիմնական թեմաներ: Դժվար է թերագնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության կարևորությունը երկու երկրների քաղաքական օրակարգում, որոնք ընդգրկում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների հարցեր»,- ասաց Աշոտյանը:

ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ նշեց, որ իրենց հարաբերություններն արդեն դուրս են եկել պարզապես խորհրդարանական երկխոսության մակարդակից և կարող են առանց արձանագրային սիրալիրությունների խոսել ըստ էության այն հարցերի վերաբերյալ, որոնք ակտուալ են, հետաքրքիր են երկու երկրների համար: «Ես ցանկանում եմ նշել, որ մենք ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ այլ երկրների հետ, որոնց հետ մենք պահպանում ենք սերտ գործընկերային հարաբերություններ, վաղուց ունենք միջխորհրդարանական երկխոսության տարբեր ձևաչափեր: Մենք գիտենք, թե ինչպիսի ինտենսիվ բնույթ են կրում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների  հանդիպումները: Հայաստանում, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, փոխվելու է կառավարման համակարգը, սակայն ես վստահ եմ, որ սա ոչ մի կերպ չի ազդի այդ ինտենսիվության վրա»,- ընդգծեց Կոսաչևը:

Նա նկատեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական երկխոսությանն ինտենսիվություն են հաղորդում երկու երկրների խորհրդարանների ղեկավարները: «Մեր պարագայում հրաշալի է աշխատում երկկողմ հանձնաժողովը: Մենք հավաքվում ենք պարբերաբար` տարվա մեջ երկու անգամ, և մենք գիտենք, որ ամեն անգամ ունենում ենք շատ հագեցած հանդիպումներ: Բայց մենք պարոն Արմեն Աշոտյանի հետ պայմանավորվել ենք միջխորհրդարանական երկխոսության տարբեր ձևաչափերին ևս մեկն ավելացնել` մեր հանձնաժողովի և Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի համատեղ նիստերը: Մենք համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում մեր հարաբերություններում շփման ավելորդ ձևաչափեր չեն կարող լինել, չեն կարող լինել նաև ավելորդ հանդիպումներ»,- ասաց Կոնստանտին Կոսաչևը:

Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն առաջին համատեղ նիստերն անցկացրել է հենց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը կշարունակվի մինչև մարտի 14-ը: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


© 2009 ARMENPRESS.am