ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13:48, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ  մարտի 13-ին այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, կոմիտեի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ:

Նրանք շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ ոչ առաջին անգամ գտնվելով այս հուշահամալիրում, ավելի ու ավելի է զգում հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը:

«Ես առաջին անգամ չէ, որ գտնվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և խոստովանում եմ, որ ավելի ուժեղ եմ զգում հայ ժողովրդի ցավը և հասկանում այն բոլոր փորձությունները, որոնց  առջև նրանք կանգել են 20-րդ դարում և նախորդ դարերում:

Հավե՛րժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Փա՜ռք հայ ժողովրդին, որ կարողացել է վերապրել, գոյատևել, պահպանել հիշողությունը և բազմապատկել նախնիների սխրանքները: Ես շատ եմ սիրում Հայաստանը և հպարտ եմ, որ մեր միջխորհրդարանական  կապերն ավելի ու ավելի են ամրապնդվում: Այդ հարաբերություններում բավականին ճշգրիտ են երկու ժողովուրդների ու երկրների ընկալումները ընդհանուր պատմության հետ կապված, ինչպես նաև ժամանակից աշխարհում միմյանց օգնելու և պաշտպանելու մեր պատրաստակամությունը: Կարծում եմ, դա կարևոր է ոչ միայն երկու երկրների համար, այլ նաև աշխարհում խաղաղություն և անվտանգություն պահպանելու առումով, որտեղ Ռուսաստանը  և Հայաստանը շարունակում են տեսանելի և առանցքային դեր խաղալ»,- ընդգծեց Կոսաչովը:


© 2009 ARMENPRESS.am