Հավակնորդների մրցաշարում Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ. Աշոտ Նադանյան  

13:37, 13 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանի կարծիքով, Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաղթելու դեռ մեծ շանսեր ունի:

«Լևոնի առաջին պարտիան սուր զարգացում ունեցավ: Նա մի պահ նույնիսկ հաղթական դիրք ուներ, սակայն համաձայնեց ոչ-ոքիի: Լավ խաղ ստացվեց 2-րդ տուրում, երբ մրցում էր Մամեդյարովի հետ: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիայի առնչությամբ խոսք չկա ասելու: Իմ կարծիքով, սխալն առաջին քայլում էր»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Նադանյանի խոսքով` Արոնյանը երբեք E4 քայլ չի անում, սակայն նախօրեին խաղաց հենց այդ քայլը: Իսկ Կրամնիկի պես մրցակցի հետ խաղում պետք է նոր քայլեր կատարել: «Հավակնորդների մրցաշարում Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ: Մրցաշարը բաղկացած է 14 տուրից, և ամեն ինչ դեռ առջևում է: Ավելի նախընտրելի է պարտվել առաջին կամ երրորդ տուրում, քան` վերջին: Լևոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»,-շեշտեց մասնագետը:

Անդրադառնալով Արոնյանի հաջորդ մրցակցին` Սերգեյ Կարյակինին, Նադանյանն առանձնացրեց, որ ռուս գրոսմայստերը շատ հարմար մրցակից է Կրամնիկից կրած պարտությունից հետո: «Կարյակինը հարմար հակառակորդ է, և, իմ կարծիքով, մի քիչ վախենում է Լևոնից: Սակայն պետք չէ այրել բոլոր կամուրջները` ռիսկի գնալ նրա հետ պարտիայում»,-փաստեց նա:

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 


© 2009 ARMENPRESS.am