Փաշինյանի «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Վիկտոր Սողոմոնյան

15:26, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարցաքննության կանչելու հարցով գլխավոր դատախազություն դիմելու ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2rd.am կայքին տված հարցազրույցում Վիկտոր Սողոմոնյանն ընդգծել է, որ Փաշինյանի գործողությունները իրեն բացարձակապես չեն հետաքրքրում: «Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նաև հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը չի մասնակցի, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի կողմից հայտարարության կամ հարցազրույցի հնարավորության մասին հարցին: Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում այդ թեմայով հայտարարություն անել կամ հարցազրույց տալ, քանի որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին: 


© 2009 ARMENPRESS.am