Քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր հայրենակիցները Արցախում հողի սեփականության իրավունք կստանան. գյուղնախարար

13:00, 12 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր այն հայրենակիցները, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մեկնաբանելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու հողային օրենսգրքում բացառություն սահմանել մեր այդ հայրենակիցների համար:

«Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաև սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- ասել է գյուղնախարարը:

Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաև ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում:


© 2009 ARMENPRESS.am