Կանայք ցանկանում են, որ տղամարդիկ անմնացորդ նվիրվեն իրենց. Մերի Ներսիսյան

21:37, 8 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, կամ պարզապես կանանց տոնը։ Տարբեր ազգեր այս օրը տոնակատարություններ են կազմակերպում, որի հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը՝ տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։ «Արմենպրես լայֆ»-ը կանանց արդիական խնդիրների եւ երջանկության բանաձեւի մասին խոսել է հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ։

«Անկախ բնակության վայրից կինը ունի մեկ պահանջ, որը լրացնում է մյուս այլ պահանջները։ Դա անմնացորդ սիրված եւ հարգված լինելն է։ Թերևս, կանանց մեծամասնությունը ցանկանում է, որ տղամարդիկ իրենց անմնացորդ նվիրվեն, սիրեն ու լինեն միայն իրենը։ Այդ դեպքում շատ պահանջներ, կամակորություններ ակամա վերանում են։ Իսկ մնացած պահանջներն արդեն խիստ անհատական են։ Ինչ վերաբերվում է մեր հասարակությանը, խոցելի եւ ցավոտ մի շարք խնդիրներ կան։ Մենք սկսած ընտանիքից մինչեւ աշխատավայր ունենք մեր իրավունքների պաշտպանության, հավասարության կարիքը։ Սա մեր երկրում համարվում է արդիական խնդիր։ Կանանց խտրականության հարցն ինձ համար շատ ցավալի է»,- ասաց հաղորդավարուհին։

Ի դեպ նշենք, որ Մերին բազմազավակ մայր է։ 3  փոքրիկ երեխաների հետ կարողանում է եւ՛ աշխատել , եւ՛ նվիրվել իր ներդաշնակ ընտանիքին։ Վերջինս իր իսկ օրինակով ցույց է տալիս, որ կանայք պետք է պարզապես ցանկություն ունենան ամեն ինչ հասցնել։

«Կանանց համար շատ կարեւոր է, որ նրանք կարողանան ճիշտ պլանավորել օրը, հասցնեն ամեն ինչ անել և, իհարկե, վերջում գոհունակ լինել։ Դժգոհելով եւ տրտնջալով ոչինչ չես կառուցի կամ լուծի։ Պետք է գնահատել այն, ինչ ունես։ Ինքս շատ երջանիկ եմ եւ շնորհակալ, որ ունեմ այսպիսի ընտանիք, ինչպիսին կա։ Ես աշխատանքիս հետ համատեղ նաեւ աշխատում եմ իմ ժամանակն արդյունավետ օգտագործել եւ զբաղվել երեխաներիս հետ։ Եթե դու ունես օգնողներ եւ օրդ ճիշտ պլանավորելու կարողություն, ապա կարող ես հասցնել ինչ որ ցանկանաս»-դիտարկեց Մերին։

Վերջինիս խոսքով՝ կինը պետք է նաեւ այդ ամենից զատ զբաղվի իրենով։ «Այս հարցն էլ է ինձ համար շատ կարեւոր։ Երբ անմնացորդ նվիրվում ես եւ անձդ մոռանում, դառնում ես  անբավարարված, փնթփնթան ու դժգոհ, որը երջանկության չի կարող բերել։ Իմ երեք երեխաները չեն խանգարում, որ ժամանակ առ ժամանակ ամուսնուս հետ լավ ժամանակ անցկացնենք ընկերների շրջապատում»-հավելեց նա։ 

Թերևս, մյուս կարեւոր գրավականը Մերի համար հոգատար ամուսին ունենալն է։ «Գոռը շատ հայ տղամարդկանց նման աշխատում է եւ ավելի շատ դրսում է լինում, բայց նա շատ լավ, հոգատար հայր է։ Հատկապես մեր երրորդ երեխայից հետո աշխատում է շուտ վերադառնալ եւ իր ժամանակն անցկացնել ընտանիքում։ Նա շատ է ինձ օգնում։ Սկսած երեխային քնեցնելուց, դասերը սովորեցնելուց մինչեւ տակդիր փոխել  եւ այլն։ Ամեն հարցում նա մեր կողքին կանգնած է եւ պատրաստակամ է մեզ օգնել։ Բայց ամեն դեպքում ֆիզիկական օգնությունը կնոջ համար այդքան կարեւոր չէ, որքան հոգեբանականը։ Գոռը գնահատող ամուսին է։ Նա գալիս է տուն եւ պատրաստ է լսել, թե ինչքան դժվար է անցել քո օրը եւ բացի լսելուց նա ասում է, որ պատկերացնում է, թե որքան դժվար է եղել ինձ համար։ Այսինքն, երբ ստանում ես փոքրիկ գնահատականի խոսքեր եւ վերաբերմունք, ամեն ինչ մոռանում ես»,-եզրափակեց Մերին։

Մելինե Տոնոյան

 

 


© 2009 ARMENPRESS.am